«Ժողովուրդ»․ Վարչապետի առջև հարց են դրել. կա՛մ Հարությունյանը, կա՛մ Հայրապետյանը

«Ժողովուրդ»․ Վարչապետի առջև հարց են դրել. կա՛մ Հարությունյանը, կա՛մ Հայրապետյանը

«Մեր տեղեկությունների համաձայն, օր օրի ավելի է խորանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի և ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի փոխհարաբերությունները:

Ըստ մեր տեղեկությունների, անգամ ապրիլի 21-ին կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ժամանակ Մխիթար Հայրապետյանը հայտարարել է, որ պետք է որոշում կայացվի` կա՛մ ինքն է մնում իր պաշտոնին, կա՛մ նախարարը, քանի որ իրենք համատեղ նույն ոլորտում չեն կարող աշխատել:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչության նիստի ժամանակ տեսնելով, որ իսկապես իրավիճակը թեժ է, Մխիթար Հայրապետյանին հորդորել է սպասել: Տեղեկություններ կան, որ հնարավոր է առաջիկայում վարչապետը կառավարությունում Հայրապետյանին ինչ-որ մի պաշտոնի նշանակի՝ այդկերպ լուծելով առկա լարվածությունը:

Նշենք, որ նախարար Արայիկ Հարությունյանը, կարելի է ասել, «փակել» է բոլոր ինֆորմացիաներն օրենսդիրի համար ու կրթական բարեփոխումների առկա փոփոխությունների վերաբերյալ ո՛չ Հարությունյանն է քայլեր ձեռնարկում և ո՛չ էլ թույլ է տալիս, որ այդ բարեփոխումներն իրականացվի օրենսդիր մարմնի համապատասխան հանձնաժողովի կողմից, ինչի համար էլ նման լարվածություն է առաջացել Հայրապետյանի և Հարությունյանի միջև:

Armlur.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իմքայլական պատգամավոր Մխիթար Հայրապետյանից, որը հայտարարեց, թե չի ցանկանում որևէ բան մեկնաբանել, իսկ եթե կա տարաձայնություն, ապա դա կապված է իրենց ոլորտում առկա քննարկումների հետ:

Իսկ ՀՀ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն էլ լուռ լսեց մեր հարցը, այն տեղեկությունները, ըստ որի իր և Հայրապետյանի միջև առկա է լարվածություն, սակայն որևէ պաշտոնական մեկնաբանություն չցանկացավ ներկայացնել՝ հայտարարելով թե ոլորտի հետ կապված քննարկումները բաց են, կարող ենք հետևել դրան:

Այսպիսով, մնում է սպասել՝ հասկանալու համար, թե Փաշինյանը ինչ հանգուցալուծում կտա այս հարցին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։