Հինգ բնական միջոց մազերն առանց քիմիական նյութերի ներկելու համար

Հինգ բնական միջոց մազերն առանց քիմիական նյութերի ներկելու համար

Ճերմակած վարսերը թաքցնելու կամ պարզապես վարսերին նոր երանգ հաղորդելու համար մարդիկ սովորաբար հատուկ ներկեր են կիրառում, սակայն դրանք պատրաստվում են շատ ագրեսիվ քիմիական նյութերից և լուրջ վնաս են հասցնում մազերին՝ դարձնելով դրանք չոր ու անկենդան։ Նման վնասակար նյութերի գործածության հետևանքով ժամանակի ընթացքում վնասված վարսերն սկսում են վատ աճել, կորցնում են առողջ փայլն ու տեսքը և կարող են զգալիորեն նոսրանալ։ 

Մազերին յուրահատուկ փայլ ու նոր երանգ հաղորդելու համար բնությունը տվել է մարդկությանը բոլոր անհրաժեշտ բնական բաղադրիչները, ինչից էլ մարդիկ օգտվել են դարեր շարունակ, սակայն ներկայում շատ քչերն են կիրառում բնական գունավորող միջոցներ, որոնք շատ ավելի անվնաս են և չեն առաջացնում որևէ կողմնակի բարդություն։ 

Շատերը բնական գունանյութերն ասոցացնում են միայն հինայի հետ, սակայն իրականում մազերին նոր երանգ կարելի է հաղորդել նաև այլ բաղադրիչների միջոցով։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մազերի գունավորման մի քանի բնական միջոց, որոնք կօգնեն փոխել մազերի գույնն առանց դրանք վնասելու։ Այս բնական ներկերն իրենց արդյունավետությամբ կարող են զիջել քիմիական ներկերին, սակայն դրանք ոչ միայն գունավորում են վարսերը, այլև սնուցում ու ամրապնդում են, ուստի շատ օգտակար են և չեն առաջացնում կողմնակի բարդություններ։

Սև թեյ

Մազերին ավելի մուգ երանգ ու առողջ փայլ հաղորդելու լավագույն միջոցներից մեկը սև թեյն է։ Պարզապես հարկավոր է հնարավորինս թունդ թեյ պատրաստել, թրջել մազերն այդ թուրմով, թողնել 15 րոպե, այնուհետև լվանալ։ Այս պրոցեդուրան մի քանի շաբաթվա ընթացքում պարբերաբար կրկնելու դեպքում մազերը զալիորեն ավելի մուգ երանգ կստանան։

Մանանեխի յուղ

Մազերին նոր երանգ կարելի է հաղորդել նաև մանանեխի յուղով։ Այն հարկավոր է քնելուց առաջ քսել վարսերին, ծածկել գլուխը ռետինե կամ պոլիէթիլենային գլխարկով, իսկ առավոտյալ լվանալ։ Սակայն հարկավոր է հաշվի առնել, որ այս յուղը ոմանց դեպքում կարող է մաշկային ցանի կամ այտուցների պատճառ դառնալ, ուստի նման տհաճ խնդիրներից խուսափելու համար հարկավոր է նախապես փորձարկել այն մաշկի որևէ փոքր հատվածի վրա։

Եղեսպակ

Մազերին ավելի մուգ երանգ կարելի է հաղորդել նաև եղեսպակի միջոցով։ Հարկավոր է մի բաժակ եղեսպակի հյութահանուկն ավելացնել կաթսայով եռացրած ջրին և թողնել սառչի։ Ստացված թուրմը քամել ու քսել մազերին, թողնել 35-40 րոպե, այնուհետև լվանալ մազերը շամպունով։ Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել շաբաթական մեկ կամ երկու անգամ, սակայն այն հարմար է միայն մուգ գույնի մազեր ունեցողներին։

Սուրճ

Շատ արդյունավետ է նաև սուրճը։ Հարկավոր է թունդ սուրճ եփել և թողնել սառչի, այնուհետև լվանալ վարսերը նախ շամպունով, ապա նաև սուրճով։ Այս պրոցեդուրայից հետո մազերը կրկին հարկավոր է լվանալ շամպունով և քսել կոնդիցիոներ։ Հնարավորինս հաճախ սուրճով մազերը լվանալու դեպքում դրանք աստիճանաբար ավելի մուգ երանգ կստանան։

Գազարի և ճակնդեղի հյութ

Մազերին շիկակարմիր երանգ հաղորդելու համար կարելի է կիրառել այս բանջարեղենների հյութերի խառնուրդը։ Հարկավոր է կես բաժակ ճակնդեղի հյութն ավելացնել մեկ բաժակ գազարի հյութին, թրջել վարսերն այս խառնուրդով և թողնել կես ժամ։ Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել շաբաթական մեկ անգամ։

Նյութի աղբյուրը՝ The Health Site