Նյու Յորքում կորոնավիրուսի բռնկումից ի վեր առաջին անգամ 24 ժամվա ընթացքում մահվան որևէ նոր դեպք չի գրանցվել

Նյու Յորքում կորոնավիրուսի բռնկումից ի վեր առաջին անգամ 24 ժամվա ընթացքում մահվան որևէ նոր դեպք չի գրանցվել

ԱՄՆ Նյու Յորք քաղաքը կորոնավիրուսի դեմ պայքարում զգալի առաջընթաց ունի․ այստեղ երեքշաբթի և չորեքշաբթի օրերի միջակայքում կորոնավիրուսի հետևանքով մահվան որևէ դեպք չի գրանցվել, հայտնում է Daily Mail պարբերականը։

Թարմ տվյալների համաձայն՝ մարտի կեսերին կորոնավիրուսի բռնկումից և օրական հարյուրավոր մահվան դեպքերի արձանագրումից հետո այստեղ այս օրերի միջակայքում 24 ժամ շարունակ մահվան զրոյական զուցանիշ է արձանագրվել, ինչն, անխոս, հույս է տալիս, որ մյուս շաբաթ վերաբացմանը պատրաստվող քաղաքը շուտով իր բնականոն կյանքին կվերադառնա։

Միևնույն ժամանակ պաշտոնյաները զգուշացնում են, որ զրոյական ցուցանիշը կարող է կապված լինել դեպքերի մասին հաղորդման ուշացմամբ։

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոյի մամուլի խոսնակ Էվերի Քոհենը նշել է, որ արտակարգ մարտահրավերների ֆոնին Նյու Յորքը ճգնաժամի ընթացքում ամեն բան արել է մարդկանց անվտանգությունն ապահովելու համար․ խոսնակը հույս է հայտնել, որ հետագայում էլ կկարողանան, արդեն ունեցած ձեռքբերումները պահելով, առաջ շարժվել։

Նշենք, որ համավարակի սկզբից Նյու Յորքում արձանագարվել է կորոնավիրուսից մահվան 21 752 դեպք, որից 16 992-ի դեպքում հաստատվել է, որ հիվանդը կորոնավիրուս է ունեցել, իսկ 4 760-ի դեպքում հիվանդը կորոնավիրուսային ախտանշաններ ունեցել է, սակայն թեստի պատասխանը բացասական է եղել։