ԱՄՆ-ում 600-մետրանոց թունել են գտել Մեքսիկայի հետ սահմանին, առգրավվել է գրեթե 30 միլիոն դոլարի թմրանյութ (լուսանկարներ)

ԱՄՆ-ում 600-մետրանոց թունել են գտել Մեքսիկայի հետ սահմանին, առգրավվել է գրեթե 30 միլիոն դոլարի թմրանյութ (լուսանկարներ)

ԱՄՆ-ի իրավապահ մարմինները հայտնաբերել են մաքսանենգների 600-մետրանոց թունել, որը Մեքսիկայի հետ սահմանից տանում է Սան Դիեգո քաղաք, և առգրավել են գրեթե 30 միլիոն դոլարի թմրանյութ: Այդ մասին ասվում է ԱՄՆ-ի ներգաղթի և մաքսային ոստիկանության կայքում հրապարակված մամուլի տեղեկագրում, գրում է fox5sandiego.com-ը։

Թունելը հայտնաբերվել է մարտի 19-ին՝ մեքսիկական և ամերիկյան ծառայությունների համատեղ գործողության արդյունքում։ Թունելի մուտքերը գտնվել են երկու պահեստների տարածքում, որոնցից մեկը գտնվում է ամերիկյան Սան Դիեգոյում, մյուսը՝ մեքսիկական Տիխուանա քաղաքում։ Փորձագետների գնահատմամբ՝ թունելն օգտագործվել է մի քանի ամիս։

Ինչպես հաղորդվում է, թունելում իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնաբերել են գրեթե 590 կգ կոկաին, 39 կգ մետամֆետամին, գրեթե 8 կգ հերոին, ավելի քան 1,3 տոննա մարիխուանա և գրեթե մեկ կգ ֆենտանիլ:

«Սան Դիեգոյի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ թունելում հայտնաբերվել են 5 տարբեր տեսակի թմրանյութեր։ Առգրավված թմրանյութերի ընդհանուր գումարը գնահատվում է 29,6 մլն դոլար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ձերբակալությունների մասին դեռ չի հաղորդվում։