Աջակցություն կտրամադրվի չաշխատող այն հղի կանանց, որոնց ամուսիները չունեն աշխատանք

Աջակցություն կտրամադրվի չաշխատող այն հղի կանանց, որոնց ամուսիները չունեն աշխատանք

Կառավության ընդունած  որոշմամբ տնտեսական հետևանքների չեզոքացման յոթերորդ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած հղի կանանց։

Գործադիրի նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մանրամասնեց, միջոցառման շահառու է հանդիսանում հղի կինը, ով մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք և ում ամուսինն ազատվել է աշխատանքից  մարտի 13-ից մինչև մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում և չի անցել մեկ այլ աշխատանքի նույն ժամանակահատվածում:

Ըստ որոշման, 100 հազար դրամի չափով աջակցությունը տրամադրվում է հղի կնոջը միանվագ նպաստի ձևով։

Հանձնարարվեց  Զարուհի Բաթոյանին՝ մինչև ապրիլի 1-ը ներկայացնել որոշմամբ սահմանված միանվագ նպաստի տրամադրման կարգ:

«Քանի որ խոսքը հղի կանանց մասին է, որևէ սահմնափակում մենք չենք դրել, նրանք կարող են լինել շահառու այլ ծրագրերի մասով»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ավելացրեց դիտարկել նաև միայնակ հղի կանանց աջակցելու հնարավորությունը։

«Ենթադրենք հղի կինն է, ամուսինը վթարի հետևանքով մահացել է։ Պետք է օգնել նրան, ճիշտ կլինի այդպես։ Ընդունենք, եթե լրացման կարիք լինի, խնդիր չի լինի»,-ասաց նա։

Նախարար Բաթոյանն ասաց՝ դիմումների կարիք երևի չի լինի, մի քանի պետական մարմիններում առկա տվյալների միջոցով հնարավոր է նույնականացնել։

Փաշինյանի խոսքով, սա վերաբերում է հաշվառվածներին, ցույց է տալիս տարբեր տեղերում՝ այդ թվում աշխատանքի ու աշխատավարձի ճիշտ չափի հաշվառված լինելու կարևորությունը։