Կառավարությունը չունի 300 մլրդ դրամ ազատ միջոցներ. Ջանջուղազյանն անդրադարձավ քննարկումներին

Կառավարությունը չունի 300 մլրդ դրամ ազատ միջոցներ. Ջանջուղազյանն անդրադարձավ քննարկումներին

Հայաստանում գանձապետական միասնական հաշվի մնացորդ 300 մլրդ դրամը ազատ միջոց չէ, և, հետևաբար, կառավարությունը չունի այդքան ազատ միջոցներ:

Այս մասին վստահեցրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության 2020 թվակաի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին:

Թունյանը նշեց՝ իր գործընկերները կարծում են, թե կառավարությունը մոտ 300 մլրդ դրամ ազատ միջոցներ ունի, և այդ գումարից մոտ 100 մլրդ դրամը կարելի է բաժանել տարբեր ընտանիքների: Նա հետաքրքրվեց, թե այդ ինչ գումար է:

Արձագանգելով՝ Ջանջուղազյանը նշեց՝ վստահ չէ, որ իր համար լիարժեքորեն պարզ է, թե ինչ 300 մլրդ դրամի մասին է խոսքը: «Բայց կարող եմ ենթադրել, որ խոսքը գանձապետական միասնական հաշվի մնացորդ 300 մլրդ դրամի մասին է: Պետք է նշեմ, որ դրանք ազատ միջոցներ չեն: Դրա հետ կապված պարզաբանումը շատ մանրամասն ներկայացվել է: Գանձապետական միասնական հաշիվը, գանձապետական համակարգի ներդրմանը զուգահեռ, 1996-ից սկսած, պարբերաբար իր մեջ համախմբել է  պետությանը և համայնքներին պատկանող բոլոր դրամական միջոցները: Եվ այն հենց դրա համար է նախատեսված, որ դրա միջոցով շրջանառվեն պետությանը և համայնքներին պատկանող բոլոր դրամական միջոցները: Դա ամենևին չի նշանակում, թե դրանք ազատ են և ժամանակի որևէ պահին կարող է օգտագործվել ցանկացած ուղղությամբ»,-ասաց նախարարը:

Գանձապետական միասնական հաշվի մնացորդի մաս է, օրինակ, հարկերի միասնական հաշիվը, որի մնացորդը հարկ վճարողների կողմից վճարված, բայց դեռևս հաշվետվություններով չհիմնավորված և, հետևաբար, հարկ վճարողին պատկանող միջոց է: Դրա մաս են նաև համայնքների բյուջեներին պատկանող միջոցները, որոնց ամբողջ շրջանառումը կազմակերպվում է գանձնապետական միասնական հաշվի միջոցով: Ջանջուղազյանը նշեց՝ հետևաբար կառավարությունը չի կարող օգտագործել համայնքին, ՏԻՄ-ին պատկանող դրամական միջոցները:

Նա շեշտեց՝ կառավարությունը չունի 300 մլրդ դրամ ազատ մնացորդ: Եվ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի փոփոխության նախագծով  հենց նախատեսվում է, որ պարտք կներգրավվի, և պարտաքին ցուցանիշները կփոխվեն:

«Լուսավոր Հայաստանն» առաջարկել է 100-հազարական դրամ տրամադրել շուրջ կես միլիոն ընտանիքների, ինչպես նաև կրկնակի վճարել թոշակները: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել էր, որ այդ փողը կա՝ պետությունը մոտ 300 միլիարդի խնայողություն ունի ԿԲ գանձապետական հաշվեհամարում: